ՀՅԴ-ն չի պատրաստվում թեկնածու Սամվել Ալեքսանյանի նախընտրական հաշվեհամարին փող փոխանցել: Ինչպես այսօր ԱԺ-ում կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ-ն բազմազավակության համար կարևոր դրույթ ունի իր նախընտրական պլատֆորմում, և եթե բոլոր բազմազավակ գործարարները հիմնավորեն, որ իրենք ունեն բնակարանի կարիք, ունեն 5 և ավելի երեխա, Դաշնակցությունն իր իշխանության օրոք նրանց կհատկացնի բնակարան և ամեն մի երեխայի հաշվով՝ միջինը 60 հազար դրամ:
Ա. Մինասյանը խորհուրդ տվեց հետևել և համադրել կուսակցությունների խոտումներն ու արած գործերը. «Իշխանական քաղաքական ուժերը խոստումներ են տալիս: Իհարկե, տարբեր ձևերով և տարբեր քաղցրավենիքներով, բայց չմոռանանք, որ այն ժամանակ տված խոստումները չեն կատարել»:
Պատգամավորի խոսքով՝ ՀՅԴ-ն չի շոյվում և չի գրկախառնվում ցանկացած ուժի կողմից իր հասցեին հնչեցված գովասանքներից և առավել կարևորում է, որ իր ծրագրերը տեղ հասնեն: Ա. Մինասյանի գնահատականով՝ աննախադեպ իրավիճակ է ընտրական գործընթացներում, երբ «միակ քաղաքական ուժը, որ ներկայանում է կոնկրետ ազդարարված, հստակ ծրագրով, ՀՅԴ-ն է», և «ՀՅԴ-ինն է միակ ճշմարիտ ուղին»:
Ա. Մինասյանը կարևորեց հասարակության վստահության ապահովումն ընտրությունների արդյունքների նկատմամբ:
ՀՅԴ պատգամավորը բնական համարեց, որ ներկայիս գումարման վերջին քառօրյա նիստերը չկայացան, քանի որ քաղաքական ուժերը գտնվում են ընտրական վերջին փուլում:










































