Reuters-ի հաղորդմամբ` MLB-ում հանդես եկող «Մայամի Մարլինս» բեյսբոլային ակումբի գլխավոր մարզիչ Օզզի Գիլլենը որակազրկվել է 5 հանդիպումով այն բանից հետո, երբ իր հիացմունքն է հայտնել Ֆիդել Կաստրոյի նկատմամբ:
Վենեսուելացի մարզիչն իր հարցազրույցում հայտարարել է, որ հիանում է Ֆիդել Կաստրոյով, ով երկար տարիներ ղեկավարում է Կուբան: Նման արտահայտությունը բուռն քննարկումների առիթ է տվել, քանի որ ակումբի երկրապագուների մեծ մաը կուբայական ծագում ունեցող ամերիկացիներ են, իսկ Ֆիդել Կաստրոն նրանց ոխերիմ թշնամին է:
Ավելի ուշ մարզիչը հերքել է իր հայտարարությունը` ասելով, որ չի խրախուսում Կաստրոյի ղեկավարման մեթոդները և ցավում է, որ իր արտահայտությունը նման արձագանք է առաջացրել:
Օզզի Գիլլենը հանդես է եկել MLB-ում 1985-2000 թվականներին: 2004-11 թվականներն ընկած ժամանակահատվածում եղել է «Չիկագո Ուայթ Սոքս»-ի գլխավոր մարզիչը: