Արենիի քարանձավների պեղումներն իրականացնող խմբի գիտնականներ Բորիս Գալստյանը և Պավել Ավետիսյանը 99 % հավանականությամբ հայտարարում են, որ Արենիում է ստեղծվել աշխարհում առաջին գինեգործական համալիրը, որը թվագրվում է Ք.ա. 4-5-րդ հազարամյակով։ «Դեռ 2007 թ., երբ սկսեցինք պեղումները, տեսնում էինք` հնարավոր է, որ պեղումները մեր թվարկությունից առաջ գոյություն ունեցող գինեգործության մասին վկայեն, բայց հիմա բրածոները ցույց են տալիս ավելին, որ այստեղ գործել է գինու արտադրության հսկա համալիր»,- հայտնում է Պավել Ավետիսյանը։ Հիշեցնենք, որ մինչ այժմ հայտնաբերված հնագույն գինեգործական համալիրը թվագրվում էր Ք.ա. 2-րդ հազարամյակով։ Ուսումնասիրելով Արենիի քարանձավներում հայտնաբերված բրածոները ` գիտնականները վեր են հանել գինու արտադրության ողջ գործընթացի բոլոր քայլերը։ Այժմ մնում է սպասենք խաղողի պեղած կորիզների ԴՆԹ հետազոտության պատասխանին, որը շուտով ուղարկելու են Կոպենհագենի լաբորատորիայի մասնագետները։ «ԴՆԹ հետազոտության դրական պատասխանի դեպքում մեր հայտարարությունը կդառնա 100%-անոց ճշմարտություն»,- հավելում է Բորիս Գալստյանը։