Անգլիայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ազգային առաջնության 32-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ի հետ հանդիպման ժամանակ խաղից հեռացված «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Մարիո Բալոտելլին չի ենթարկվի երկարատև որակազրկման, որի մասին ապրիլի 10-ին աղաղակում էին բրիտանական կայքերը:
Ֆուտբոլիստը կենթարկվի միայն հեռացման համար նախատեսված սանկցիաների, իսկ լրացուցիչ պատժամիջոցներ նրա նկատմամբ չեն կիրառվի:
Իտալիայի ազգային հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստը «Արսենալ»-ի հետ հանդիպման 90-րդ րոպեին երկրորդ դեղին քարտն էր վաստակել և հեռացվել էր խաղադաշտից Բակարի Սանյայի նկատմամբ թույլ տված կոպիտ խաղի պատճառով: Այժմ «քաղաքայիններ»-ի հարձակվողը ստիպված կլինի բաց թողնել 3 հանդիպում ավելի վաղ հայտարարված 9-ի փոխարեն:










































