Հայաստանն աշխարհում ՏՏ ոլորտում մրցունակ դիրք գրավելու համար շատ անելիքներ ունի, որոնցից կարևորագույնը հասարակության զարգացման խնդիրն է՝ ինտերնետ, համակարգիչ և ծառայություններ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը՝ «Առաջին լրատվական»-ի խնդրանքով մեկնաբանելով 2012 թ.-ի համաշխարհային ՏՏ զեկույցի ցուցանիշները, ըստ որոնց՝ ՀՀ-ն զբաղեցրել է 94-րդ հորիզոնականը, մինչդեռ Վրաստանը 88-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 61-րդ։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի ցուցանիշները կասկածելի են, իսկ Վրաստանն առաջ է, որովհետև Վրաստանի կառավարությունը մի քանի նախաձեռնության մասին է հայտարարել. «Մենք ծրագրերը մշակում ենք, հետո ենք սկսում իրականացնել, իսկ իրենք հայտարարում են, հետո՝ մշակում: Բայց ոլորտի զարգացման առումով իրենք ոչ թե մեզ մոտ չեն, այլ շատ հետ են: Եվ այն, ինչ այսօր կատարվում է մեզ մոտ, շատ մեծ հաջողություն է: Բացի Հայաստանից, աշխարհում միայն ԱՄՆ-ում կտեսնեք 4G-ի գովազդ»:
Բ. Ենգիբարյանի գնահատականով՝ ներկայում ամենամեծ մարտահրավերը կադրերի սակավությունն է, ենթակառուցվածքների և ձեռներեցության զարգացումը. «Ունենալով մասնագետներ՝ չունենք ձեռներեցներ»,- ասաց Բ. Ենգիբարյանը՝ նշելով, որ վերջերս «Նոկիա»-ի հայտարարած գաղափարների համաշխարհային մրցույթում ներկայացված 944 գաղափարներից 400-ը Հայաստանից էր, և դա գերազանցում էր հնդիկների և ամերիկացիների ցուցանիշը. «Այսինքն՝ բիզնես ստեղծելու ճանապարհին ինչ-որ բաղադրիչ բացակայում է, և պետք է գտնենք դա»:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանի խոսքով՝ ինտերնետի արագության ցուցանիշով ՀՀ-ն Ադրբեջանից առաջ է անցել և բավականին մոտեցել է Վրաստանին: Ներկայում միջին արագությունը 4.54 Մբթ/վրկ է: Վ. Դանիելյանը նաև նշեց, որ IP հասցեների քանակով ՀՀ-ն անգամ Վրաստանին է գերազանցել: «Եթե միտումները շարունակվեն, մի քանի տարում այլ պատկեր կլինի: Հաջորդ մի քանի տարիների մեր մարտահրավերը ենթակառուցվածքների զարգացումն է»,- ասաց նախարարի խորհրդականը:










































