Ջուդի Դենչի հերոսուհին` М գաղտնի հետախուզության ղեկավարը, «բոնդիանայի» հերթական դրվագում կմեռնի, որպեսզի տեղը զիջի Ռեյֆ Ֆայնսի հերոսին: Այսպես է կարծում այսօր լույս տեսած The Guardian պարբերականը` հղում կատարելով նկարահանման աշխատանքներին մոտ կանգնած իր աղբյուրներին: Նոր ֆիլմը, ինչպես արդեն հայտնի է, կկոչվի «Անկում երկնքից» (Skyfall) և էկրան դուրս կգա 2012թ. աշնանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Լուրերի ալիքը սկսվել է Best For Film ցանցային ռեսուրսից: Sony-ն արդեն պաշտոնապես հրաժարվել է մեկնաբանություններից:
Սյուժեի զարգացման այլ մանրամասներ չեն հաղորդվում: Նշվում է միայն, որ ռեժիսոր Սեմ Մենդեսը («Գեղեցկություն ամերիկյան ձևով») նկարահանումներ է կատարել Լոնդոնում, Շոտլանդիայում, Ստամբուլում, Շանհայում: 007 գործակալի գլխավոր թշնամուն մարմնավորելու է Խավիեր Բարդեմը:
Ջուդի Դենչը հայտնվել է նախագծում 1995թ.: Բոլոր գաղտնիքներն ի չիք կդառնան հոկտեմբերի 26-ին, երբ ֆիլմը կցուցադրվի Մեծ Բրիտանիայում:










































