Համացանցի միլիոնավոր իրանցի օգտատերեր շուտով կարող են լիովին զրկվել համաշխարհային ցանց մուտք գործելու հնարավորությունից: Իրանի իշխանությունները խոստացել են այն փոխարինել «մաքուր ինտերնետով»: Այս մասին տեղեկացնում է newsru.com-ը՝ հղում անելով SecurityLab-ին:
Իրանի տեղեկատվական և կապի տեխնոլոգիաների նախարար Ռեզա Թագհիպուրի հայտարարության համաձայն՝ համացանցը խթանում է հանցավորությունը, սոցիալական տարաձայնությունների պատճառ է դառնում, ինչպես նաև տարածում է ոչ բարոյական նյութեր և աթեիզմ:
Իրանցի պաշտոնյաները վստահ են, որ վաղ թե ուշ նոր իսլամական ցանցը համաշխարհային ցանցին կփոխարինի ինչպես Իրանում, այնպես էլ մահմեդական երկրների մեծ մասում:
«Մաքուր ինտերնետը» նախատեսում է այնպիսի կայքերի արգելափակում, ինչպիսիք են՝ Google-ը, Facebook-ը, Yahoo-ն և Hotmail-ը: Դրանց կփոխարինի իրանական որոնողական պորտալը և էլեկտրոնային փոստը: Բոլոր ինտերնետ-պորվայդերներն էլ պետք է տեղացի լինեն:
Իրանի կառավարությունը խոստացել է տուգանել տեղի պրովայդերներին, եթե նրանք արգելված կայքեր մուտքի հնարավորություն ընձեռեն: Իշխանությունները ծրագրում են նաև վերահսկողություն սահմանել պրոքսի-սերվերների նկատմամբ, որոնց միջոցով օգտատերերը կարող են այցելել արգելափակված կայքեր:











































