Քաթարի Թագավորության Ավտոսպորտի ֆեդերացիայի նախագահ Խալիֆա Ալ-Աթիան հայտնել է, որ իր երկիրը դեռևս պատրաստ չէ ընդունել «Ֆորմուլա 1» Գրան պրին:
«Մենք դեռևս չունենք նման հնարավորություն: Հույս ունեմ, որ մոտ ապագայում այդ հնարավորությունը մենք կունենանք: Վերջին տարիների ընթացքում մենք մի քանի փոփոխություններ ենք կատարել վազքուղում և նրա շրջակայքում, սակայն մրցմանը հետևելու համար դեռևս պետք է կառուցել շենքեր և մի քանի այլ կառույցներ:
Ամեն դեպքում վերջնական որոշումը կկայացնի իշխանությունը, որը կամ կցանկանա վերանորոգել ներկայիս վազքուղին, կամ նորի կառուցման համար գումար կհատկացնի»,- այս մասին Ալ-Աթիան հայտնել է FIA-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Քաթարի Գրան պրին վերսկսվելու պայմաններում «Ֆորմուլա 1»-ի օրացույցում այն կփոխարինի Բահրեյնի Գրան պրիին: