Nasa-ի առաջատար գիտնականի կարծիքով՝ կլիմայական փոփոխությունը «լուրջ բարոյական խնդիր է» և նույնքան սխալ է, որքան ստրկությունը:
Ինչպես գրում է The Guardian-ը, պրոֆեսոր Ջիմ Հանսենը պնդում է, որ ապագայի հասարակությանը նման կլիմայական համակարգ առաջարկելն անարդար քայլ է, որը մեր սերունդն իրականացնում է գալիք սերունդների նկատմամբ:
Հանսենը հաջորդ երեքշաբթի օրը պատրաստվում է արժանանալ Էդինբուրգի պատվավոր մեդալին` գիտության մեջ իր ունեցած մեծ ավանդի համար: Մեդալի շնորհման ժամանակ գիտնականը դասախոսություն կկարդա ածխածնի արտանետումների վերաբերյալ:
Իր դասախոսության մեջ Հանսենը պատրաստվում է պնդել, որ կլիմայական փոփոխությունն այնքան լուրջ խնդիր է, որ հարկավոր է համաշխարհային հարկ սահմանել արտանետումների կրճատումը երաշխավորելու համար: Հանսենը Guardian-ին հայտնել է, որ կլիամայական ներկայիս դրությունը լուրջ խնդիրներ է առաջացնում, որոնք հրատապ լուծում են պահանջում:
Գիտնականն ասել է. «Դրությունը, որը մենք ստեղծում ենք երիտասարդների և հաջորդ սերունդների համար, այնպիսին է, որ մենք նրանց փոխանցում ենք կլիմայական մի համակարգ, որը դուրս է ղեկավարումից: Մենք տեսնում ենք այժմ, թե ինչպիսի ազդեցություն կունենա կլիմայական այս փոփոխությունը էկոհամակարգերի, ծովի մակարդակի բարձրացման և տեսակների վերացման վրա»:










































