Իսպանական Iberia ավիաընկերությունը հետաձգել է 156 չվերթ, որոնք նախատեսված էին այսօր` ապրիլի 9-ին: Պատճառն օդաչուների արհմիության գործադուլն է: Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», այս մասին նշված է ավիաընկերության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
156 չվերթից 82-ը ներքին չվերթներ են, մյուսները` միջազգային, ներառյալ չվերթներ դեպի Մայամի, Նյու Յորք, Սան Պաուլո և Բուենոս Այրես:
Նոր գործադուլի բռնկման պատճառը Iberia-ի ղեկավարության և օդաչուների արհմիության միջև ձախողված բանակցություններն են, որոնք նախաձեռնել էր Իսպանիայի աշխատանքի նախարարությունը` նոր բյուջետային Iberia Express ավիափոխադրող ընկերության գործունեության վերաբերյալ:
Iberia Express-ը, որն ստեղծվել է իսպանական Iberia ավիաընկերության կողմից, իր աշխատանքներն սկսել է մարտի 25-ին:
Բյուջետային ընկերությունը թռիչքներ կիրականացնի 17 ուղղությամբ, այդ թվում`դեպի Իբիցա, Մայորկա, Դուբլին ու Ամստերդամ:
Նախատեսվում է, որ 2012թ. ավիաընկերության թռիչքների թիվը կաճի՝ հասնելով մինչև 20-ի, իսկ ուղևորների թիվը կհասնի մինչև 2/5 միլիոնի:
Փոխադրողին կհանձնվեն 14 ինքնաթիռներ, կաշխատի շուրջ 500 մարդ:
Iberia-ի մենեջմենթի կարծիքով՝ նոր բյուջետային ավիափոխադրողի հաշվին նախատեսվում է մեծացնել շահութաբեր չվերթները, որոնք ներկայում վնասով են աշխատում:










































