Los Angeles Times-ին տված հարցազրույցում բռնցքամարտի գերծանր քաշային կարգի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը հայտնել է, որ նա կկարողանար Կլիչկո եղբայրներին արժանի հակառակորդ լինել:
«Կարելի է նման հարց տալ յուրաքանչյուր բռնցքամարտիկի, և նա կպատասխանի՝ այո՛, ես նոկաուտի կենթարկեմ Կլիչկո եղբայրներին: Պետք է հասկանալ, որ նրանք արտասահմանցի են, իսկ մենք ապրում ենք ԱՄՆ-ում: Ամերիկացիները չեն սիրում այդպիսի բաներ: Կլիչկո եղբայրները ջենթլմեններ են, գիտակներ, իսկ մենք չենք հավանում պրոֆեսորներին:
Անկեղծ կլինեմ. նրանց հեշտ չի լինի հաղթել իրենց արագության պատճառով: Նրանք նախկինում պարտվել են, սակայն կարողացել են այդ պարտություններից անհրաժեշտ դասեր քաղել: Ես կցանկանայի դուրս գալ ռինգ և կատարել իմ գործը», – ասել է «երկաթե» Մայքը:
Հիշեցնենք, որ Մայք Թայսոնը այս պահին զբաղվում է բռնցքամարտի հետ կապ չունեցող գործերով: Նա Լաս-Վեգասում բեմադրում է թատրոնային շոու՝ «Մայք Թայսոն. Միանշանակ ճիշտ» անվանումով. մտահղացման հեղինակը Մայքի կինն է`Կիկին: Այդպիսի շոուներ Թայսոնը բեմադրում է նաև Եվրոպայում և Ասիայում: