Վրաստան հացահատիկ ներմուծող խոշոր ընկերություններից մեկի` «Արգիկոնի» ղեկավար Կոկի Օսիպովն այսօր հայտարարել է, թե եթե համաշխարհային շուկայում հացահատիկի գնի բարձրացման միտումները պահպանվեն առաջիկա 1.5-2 ամիսներին, ապա Վրաստանում հացի գները կթանկանան: Նրա խոսքով, հացահատիկի թանկացման հիմնական պատճառը խոշորագույն արտադրող երկրներում (Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան) բերքատվության անկումն է: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա նրա խոսքով, ներմուծվել է 90 հազար տոննա հացահատիկ, որը սովորականից մի քանի անգամ շատ է և կբավարարի առաջիկա 3 ամիսներին ողջ բնակչությանը հացամթերքով ապահովելու համար: