Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք-սիրիական սահմանին կատաղի բախումներ են ընթանում սիրիական բանակի և ապստամբների միջև: Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զինվորները Քիլիսում կրակ են բացել Թուրքիայի ուղղությամբ:
Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ սիրիացի վիրավոր ապստամբները փորձել են հասնել Սիրիայի սահմանի մոտ ընկած թուրքական Քիլիս քաղաք: Այստեղ սիրիացի փախստականների համար գործում է տնակային քաղաք, որի պատերին էլ մնացել են սիրիական կողմից արձակված փամփուշտների հետքերը:
Գնդակոծության արդյունքում վիրավորվել է մեկ թուրք պետծառայող: Սիրիայում՝ Թուրքիայի սահմանի մոտ, բախումները շարունակվում են:










































