Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն լրագրողների հետ այսօրվա զրույցում անդրադարձել է ՄԱԿ ԱԽ-ին Ադրբեջանի ժամանակավոր անդամակցությանն ու ռուս-ադրբեջանական տնտեսական հարաբերություններին.
«Ադրբեջանի կողմից ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ դառնալը վկայում է աշխարհում նրա հեղինակության մասին: Դա միջազգային ոլորտում համագործակցելու նոր հնարավորություններ է բացում մեր առջև: Հարցերի մեծ մասի շուրջ մեր դիրքորոշումները համընկնում են կամ մոտ են: Ադրբեջանի՝ ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ դառնալը մեզ հնարավորություն կընձեռի արդյունավետորեն համագործակցել միջազգային բազմաթիվ հարցերի դիտարկման ու կարգավորման ժամանակ:
Ռուսաստանն ու Ադրբեջանը հաջողությամբ համագործակցում են նաև տնտեսական ոլորտում: Նախորդ տարի գրանցվել է երկու երկրների միջև վերջին տարիների ամենամեծ ապրանքաշրջանառությունը՝ 2.8 միլիարդ դոլար: Մենք հուսով ենք, որ այս տարի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կանցնի 3 միլիարդ դոլարի սահմանագիծը»:
Հիշեցնենք, որ Մատվիենկոն պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել երեկ: Ի դեպ, Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ է ընտրվել նախորդ տարվա հոկտեմբերի վերջին:











































