«Ֆորմուլա-1»-ի աշխարհի կրկնակի չեմպիոն Սեբաստյան Ֆետելը հայտարարել է, որ չնայած ընթացիկ մրցաշրջանի վատ մեկնարին, նա դեռ պահպանում է շանսը` կրկին դառնալու աշխարհի չեմպիոն:
«Ես ընդունում եմ, որ մրցաշրջանի մեկնարկի երկու մրցավազքերը իդեալական չէին, սակայն դրանք նաև չափազանց վատ չի կարելի համարել: Մենք ապացուցել ենք, որ կարող ենք մրցակցել առաջատարների հետ, և դա է այսօր ամենակարևորը: Լինում են անհաջողություններ, ինչպես ինձ հետ պատահեց Մալայզիայում, սակայն մենք դրա առջև անզոր ենք. դա «Ֆորմուլա-1»-ի մի մասն է: Առջևում ունենք 18 մրցավազք, և ամեն ինչ կանեմ, որպեսզի պաշտպանեմ տիտղոսս: Ես հավատում եմ իմ և թիմի ուժերին: Մենք ամեն ինչի կհասնենք մեկ միասնական թիմով», – Ֆետելի խոսքը մեջբերել է «Ռեդ Բուլ»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Ֆորմուլա-1»-ի վերջին երկու մրցաշրջանների աշխարհի չեմպիոնը ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից խնդիրներ ունի բոլիդի հետ կապված, սակայն «Ռեդ Բուլ»-ի մեխանիկները հույս են հայտնել, որ հաջորդ Գրան պրիում այդ խնդիրներն այլևս չեն լինի: