«Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն այսօր կայացած մամլո ասուլիսի ընթացքում ասաց, որ Զատիկին ընդառաջ՝ գնային թանկացումներ չեն եղել: Ձվի արտադրական գինը տատանվել է 30-40 դրամի միջև, որը խանութները վաճառել են 50-60 դրամով. «Մեր ուսումնասիրությունները սպառողական դաշտում շարունակական կլինեն, սակայն սպառողն էլ պետք է հետևողական լինի, որ ժամկետանց սնունդ չգնի, դժվար չէ պիտակին նայելը»:
Պարոն Պողոսյանը զգուշացրեց ուշադրություն դարձնել հատկապես կաթի ամսաթվին. «Երկու ամսաթիվ են գրում և մարդկանց գցում շփոթության մեջ: Ի՞նչն է խանգարում, որ գրվի արտադրված է կամ պիտանի է մինչև»:
Նա նաև նշեց, որ չնայած ձվի թանկացում չկա, բայց կանաչին թանկացել է Զատկի օրերին, ինչը լինում է ամեն տարի:
Ասուլիսի մյուս մասնակից՝ սպառողների շահերի պաշտպան Կարեն Չիլինգարյանն էլ ասաց. «Ցավալին այն է, որ ժամկետանց ապրանքի համար պատժամիջոցը տատանվում է 50-ից 100.000 դրամի միջև. սա լուրջ խնդիր է, որովհետև այս գինը փոքր խանութի համար նշանակում է կործանում: Տուգանքից հետո փոքր խանութները հետևում են սննդի ժամկետներին, մեծերը՝ ոչ»:
Ըստ նրա՝ խնդիր է նաև այն, որ շատ խանութներ բրենդի անվան տակ վաճառում են Չինաստանում, լավագույն դեպքում՝ Հայաստանում արտադրված ապրանքներ:
Մրցակցային դաշտի վերաբերյալ Արմեն Պողոսյանն ասաց, որ եթե մի ձեռնարկություն ունի 39 տոկոս, իսկ մյուսը՝ ավելի քիչ տեղ շուկայում, մրցակցությունը չի աճում այս դեպքում: Ըստ նրա՝ գրագետ տնտեսական քաղաքականություն վարելու դեպքում, գրագետ մարքեթինգային քաղաքականության դեպքում, լուծելի են բոլոր խնդիրները. «Ոչ գրագետ մարքեթինգային քաղաքականության արդյունքում մեր ջերմուկը արգելվեց արտահանել արտասահման, չնայած եզակիներից էր: Վրան գրված էր սեղանի ջուր, սակայն սխալ էր գրված, որովհետև այն բուժիչ հատկություն ունի, որոնք սեղանի ջրին բնորոշ հատկանիշներ չեն»:











































