Երեկ Վրաստանի արևմուտքում արձանագրված 5.8 բալանոց երկրաշարժից հետո ցնցումները կրկնվել են: Առավել ուժգին են դրանք եղել անցած գիշեր: Երկրաշարժի հետևանքով վնասվել է Քութայիսին Բագդադի բնակավայրին միացնող մայրուղին: Վնասվել են նաև բազմաթիվ շինություններ: Չնայած իշխանությունների հավաստիացումներին` բնակչության շրջանում որոշակի խուճապ է սկսվել: Սեյսմոլոգների կարծիքով, ետցնցումները կարող են շարունակվել մինչև 2 շաբաթ: Երկրաշարժը վնաս չի հասցրել Վրաստանում գործող էներգետիկ ենթակառուցվածքներին. Բաքու-Թբիլիսի-Ջեյհան ու Բաքու-Սուպսա նավթատարերը, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը նորմալ են գործում: