«Ավատար» ֆիլմի շարունակությունը էկարններին չի լինի 2014 թվականի դեկտեմբերին, ինչպես ավելի վաղ ծրագրված էր: Այն պատրաստ կլինի նախատեսվածից մեկ տարի անց: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը՝ հղում անելով ֆիլմի պրոդյուսեր Ջոն Լանդաուին:
«Դժվարանում եմ ճշգիտ ժամկետներ նշել, կարծում եմ, որ ֆիլմի շարունակությունը 2014-ին ավարտելը դժվար կլինի: Պետք է ամեն ինչ անել այնպես, ինչպես հարկն է»,- այս առիթով ասել է Լանդաուն:
«Ավատարի» շարունակության նկարահանումների դանդաղման պատճառը ռեժիսորի ծանրաբեռնվածությունն է: Ջեյմս Քեմերոնը անցած տարի զբաղվել է «Տիտանիկի» եռաչափ ֆորմատավորման աշխատանքներով, որոնք նրանից 60 շաբաթ են խլել և 18 միլիոն դոլար արժեցել: «Տիտանիկը» եռաչափ ձևաչափով արդեն էկրաններին է: Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել չորեքշաբթի և արդեն հասցրել 4.7 միլիոն դոլար վաստակել:
«Ավատարի» երկրորդ մասի գործողությունների մեծ մասը տեղի է ունենալու ջրում: Այդ պայմաններում նկարահանումները պետք է իրականացվեն motion capture տեխնոլոգիայով: Վերջերս Մարիանյան իջվածքում սուզված ռեժիսորը իր տպավորությունները կներդնի նկարահանումներում:
«Ավատարի» 2-րդ մասի «լույսընծայումից» անմիջապես հետո կթողարկվի 3-րդ մասը: Ընդ որում՝ մասերը կլինեն ոչ թե մեկը մյուսի շարունակությունը, այլ կունենան առանձին սյուժեներ:
Առաջին «Ավատարը» էկրան էր բարձրացել 2009 թվականի դեկտեմբերին և ԱՄՆ-ում 2.7 միլիարդ դոլար հավաքել: Ֆիլմի նկարահանումները տևել էին 10 տարի և արժեցել 237 միլիոն դոլար:









































