Եթե ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ստեղծելու միտքը ռոմանտիկայի ոլորտից չէ և ձևական բնույթ չի կրում, ողջունելի է, բայց եթե նախաձեռնությունն ընդամենը հայտարարություն է՝ ուղղված ներքին լսարանին, ապա դա այնքան էլ ազնիվ չէ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ մեկնաբանելով քաղաքական 4 ուժերի՝ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» կողմից երեկ ստորագրված, ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ստեղծելու մասին հայտարարությունը:
«Անկեղծ ասած՝ այդ 4 ուժերի գաղափարական հենքն այնքան էլ լավ չեմ պատկերացնում: Նրանց միջև գաղափարական, ֆունդամենտալ միասնություն չկա, հետևաբար շտաբ ստեղծելու մասին խոսակցությունները կարող են լինել ընդամենը քաղաքական հայտարարությունների մակարդակով: Մինչդեռ ՀՀԿ-ն բազմիցս հայտարարել է, որ պատրաստ ենք նորմալ ընտրություններ անցկացնել»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններին մասնակից 4 քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ Հայ ազգային կոնգրես, Դաշնակցություն, «Ժառանգություն» և «Բարգավաճ Հայաստան», երեկ ստորագրել են մի հայտարարություն, որով խոսում են ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ստեղծելու մասին: Հայտարարությանը չի միացել միայն այդ համատեղ քննարկմանը մասնակցած ՀՀԿ-ն: