Բռնցքամարտի գերմիջին քաշային կարգում WBO վարկածով Եվրոպայի չեմպիոն Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները հայտնել է, որ Պյոտր Վիլչևսկու հետ կայացած մենամարտից հետո Աբրահամը բժշկական հետազոտություն է անցել:
«Արթուրն այցելեց բժշկին, քանի որ կասկածներ կային, որ նրա աջ ականջի թմբկաթաղանթը վնասվել է: Մենամարտից հետո Աբրահամը ցավեր էր զգում այդ հատվածում: Կարծում եմ` առողջությունն ավելի թանկ է, քան մամլո ասուլիսին ներկայանալը:
Վիլչևսկու նկատմամբ տարած հաղթանակը ապացուցեց, թե որքան մեծ ներուժ ունի Աբրահամը: Նա կարող էր նոկաուտի ենթարկել մրցակցին: Աշխարհի չեմպիոն դառնալու համար նա դեռ շատ պետք է մարզվի», – Վեգներին մեջբերել է Sportbox-ը:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին կայացած մենամարտում Արթուր Աբրահամը հաղթանակ տոնեց մրցավարների միաձայն որոշմամբ: