Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց, որ Թունիսի հեղափոխությունը ցույց է տալիս այն համակարգի խոցելիությունը, որը չունի լեգիտիմություն: Նա հիշեցրեց, որ Թունիսի խռովությունները հանկարծակի են սկսվել անցած դեկտեմբերի 17-ին. համալսարանական կրթությամբ 26 տարեկան մի մարդ, որը փողոցում վաճառական էր աշխատում, և որից ոստիկանությունը առգրավել էր այն, ինչ վաճառում էր, ինքնահրկիզվեց, և նրա մահը գյուղական վայրում պատճառ դարձավ խռովությունների: Թունիսում համալսարանական կրթություն ունեցող բազմաթիվ մարդիկ չեն կարողանում աշխատանք գտնել, քանի որ կոռուպցիան համատարած է: Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի՝ այդ ցույցերը ղեկավար չունեին, և կազմակերպիչները ի հայտ եկան հենց ցուցարարների միջից: Նա նշեց,որ Թունիսի ժողովրդի 10 տոկոսն օգտվում է facebook-ից և կարողանում է իրադարձություններին հետևել ինտերնետի միջոցով: Համեմատելով Հայաստանում տիրող իրավիճակի հետ՝ Ռիչարդ Կիրակոսյանը ասաց,որ մարտիմեկյան դեպքերից հետո Հայաստանում իրավիճակը չի փոխվել։ Իշխանությունը անտեսում է հասարակական պահանջն ու փոփոխություններ չի իրականացնում: Գործազրկությունը և կոռուպցիան շարունակում են մնալ լուրջ մարտահրավերներ: Ռիչարդ Կիրակոսյանը կարևորում է, որ Թունիսի իրադարձությունների արդյունքում 1800 քաղբանտարկյալներ ազատ արձակվեցին ոչ թե Եվրախորհրդի, այլ ժողովրդի պահանջով:
Լուսանկարը՝ PanArmenianPhoto-ի