Չորեքշաբթի Նյու Յորքում բացվել է միջազգային ավտոշոուն՝ իր տեսակի մեջ ԱՄՆ-ում ամենահինը և ամենաշատ այցելուներ ունեցողը: Այն անցկացվում է 1900 թվականից:
Ամեն տարի ավտոշոուի այցելուների թիվը գերազանցում է 1 միլիոնը: Ավանդույթի համաձայն՝ բացման առաջին երկու օրերին Ջեյքոբ Ջեյվիթսի ցուցասրահում անցկացվող ավտոշոուն հյուրընալում է միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և ավտոշուկայի մասնագետներին:
Ավտոցուցադրությանը ներկայացված են ինչպես նորույթներ, այնպես էլ մոդելներ, որոնք արդեն ավտոսրահներում են: Ավտոշոուն իր դռները հանրության համար կբացի ապրիլի 6-15-ը:
Ավտոշոուի 30 նորույթներից ամենասպասվածներն են Քրայսլերի ներկայացրած SRT Viper-ը, Lincoln MKZ-ը և Chevrolet Impala-ն: Վերջինիս դիզայնը 50-60-ականների ամերիկյան ավտոմեքենաների դիզայնն է հիշեցնում: Ford-ը ներկայացրել է Explorer Sport մոդելը, որը ավտոարտադրողը համարում է իր դասի մեջ ամենատնտեսողը: Nissan-ն իր հերթին ներկայացրել է բեսթսելլեր դարձած Altima մոդելի նորացված տարբերակը: Ճապոնական ավտոարտադրողը նյույորքցիներին կցուցադրի իր նոր քաղաքային տաքսին՝ NV200-ը: Անցած տարի ճապոնական ավտոարտադրողի ներկայացրած տաքսին հաղթեց մրցույթում: 13 հազար դեղին ավտոմեքենաներ համալրեցին Նյու Յորքի տաքսի-պարկը:
Շոուին ներկայացված է թռչող Transition ավտոմեքենան, որն արտադրել է Մասչուսեթսում տեղակայված Terrafudgia-ն: Մեքենան արդեն իրականացրել է իր փորձնական թռիչքը: Ավտոմեքենան ինքնաթիռի վերածելու և ճիշտ հակառակ գործընթացի համար ընդամենը 30 վայրկյան է պահանջվում:
Միջոցառումը մեգապոլիսի տնտեսությանը 200 միլիոն դոլարի եկամուտ է բերում:









































