Ինչպես գրում է BBC-ն, Բրիտանիայի խորհրդարանում հնարավոր է՝ արգելեն օգտվել Twitter միկրոբլոգերի կայքից:
Իսկ պատճառ է դարձել այն, որ նիստերից մեկի ժամանակ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության անդամ Քևին Բրենանը մեղադրել է իր ընդդիմախոս Ջուլիան Հուպերտին այն բանում, որ վերջինս բանավեճի ժամանակ օգտագործում է Twitter-ը: Նրա խոսքերով, արդար չէ, երբ բանավեճը գնահատվում է սոցիալական ցանցում այն դեպքում, երբ անհրաժեշտ փաստարկները պետք է ներկայացնել նիստերի դահլիճում:
Այս միջադեպից հետո Համայնքների պալատի խոսնակ Լինդսեյ Հոյլը արգելել է Twitter-ից օգտվել նիստերի ժամանակ: Ավելի վաղ բրիտանական խորհրդարանում արգելվել էր հեռախոսների օգտագործումը, սակայն այդ արգելքը չէր վերաբերում ինտերնետ մտնելուն:
Կարելի է միայն հերթական անգամ արձանագրել, որ սոցիալական ցանցերը շատ արագ մտնում են մարդու կենսագործունեության բոլոր ոլորտները և լուրջ ազդեցություն թողնում դրանց զարգացման վրա: