Ինչպես նշում է gzt.ru կայքը, վրացական երկրաշարժի հավանական պատճառ կարող է լինել բևեռների արագ տեղաշարժը: Այս մասին կայքին կարծիք է հայտնել Երկրաշարժների կանխատեսումների գլոբալ ցանցի նախագահ Էլչին Խալիլովը:
Նա ասել է, որ Կովկասում սեյսմիկ ակտիվություն է սկսել գրանցվել 2010 թ. վերջից: «Դա կապված է այն հանգամանքի հետ, որ, ինչպես 15 տարի առաջ արձանագրել են երկրաֆիզիկոսները, երկրագնդի մագնիսային բևեռների շարժման արագությունն ավելացել է մոտ 500%-ով: Դրանից առաջ մոտ 100 տարվա ընթացքում նման բան չէր դիտարկվում: Սեյսմիկ ակտիվության վրա ազդում է նաև արևի ակտիվությունը»,- ավելացրել է նա:
«Առաջին լրատվականը» երեկ տեղեկացրել էր, որ առավոտյան 9:57-ի սահմանում Վրաստանի արևմտյան շրջաններում տեղի էր ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5,8 մագնիտուդ: Վնասվել էին որոշ շինություններ: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: