Ռեժիսոր Բարրի Լևինսոնը կենսագրական ֆիլմ կնկարահանի բեյսբոլիստ Հենք Աարոնի մասին: Այս մասին հայտնում է Inside Movies-ը:
Հենք Աարոնը, որը հայտնի է «Մուրճ» անունով, իր դեբյուտը բեյսբոլի գլխավոր լիգայում կատարել է 1954 թ: Իր վերջին խաղը մարզիկն անցկացրել է 1976 թ.: Այն ժամանակ նա 42 տարեկան էր:
Ավելի վաղ Աարոնը առանց խանդավառության էր վերաբերվում ֆիլմի ստեղծման գաղափարին, սակայն հիմա նշվում է, որ նա կմասնակցի ֆիլմի նկարահանման աշխատանքին` որպես խորհրդատու:
Կենսագրական ֆիլմի վրա աշխատանքը դեռ չի ավարտվել, այդ իսկ պատճառով առայժմ խոսք չի գնում դերասանների ընտրության մասին:
Որպես սցենարիստ նախագծում ընդգրկվել է Ադամ Մազերը, որը ավելի վաղ աշխատել է Լևինսոնի հետ «Դուք չգիտեք Ջեքին» հեռուսատատեսային ֆիլմի շրջանակում (այն պատմում էր հայազգի բժիշկ Ջեք Գևորգյանի մասին):
Լևինսոնի ամենահայտնի աշխատանքը համարվում է 1988 թ. նկարահանված «Անձրևի մարդը» դրաման, որն արժանացավ 4 «Օսկարի», այդ թվում` «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում:










































