Երեկ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն մեկնաբանել է Լիբանանում ներքաղաքական լարվածությունը հանելու համար կազմակերպված բանակցությունների ընթացքը, որին մասնակցել են ինքն ու իր քաթարցի գործընկերը։
Ըստ Դավութօղլուի՝ դրական շարժ կա: Նա կարծում է, որ անհրաժեշտ է հենց Լիբանանում հիմքեր ստեղծել, որպեսզի հետո հնարավոր լինի տարածաշրջանային աջակցություն ապահովել ներլիբանանյան խնդիրների լուծման գործընթացին. «Միայն այդ ժամանակ իմաստ կունենա անցկացնել միջազգային կոնֆերանս։ Առանց անհրաժեշտ բազայի՝ արդյունքների հասնել անհնար է»: Նա ուղիղ պատասխան չի տվել այն հարցին, թե ինչո՞ւ Սաուդյան Արաբիան հրաժարվեց միջնորդական գործունեությունից` նշելով, որ հենց Սաուդյան Արաբիայի և Սիրիայի փոխզիջումային ծրագիրն է այսօր դրված բանակցությունների սեղանին, և իրենք բանակցությունները կշարունակեն այդ հենքի վրա:
Դավութօղլուն ավելացրել է նաև, որ լիբանանյան հարցը քննարկելու է այսօր Թուրքիա ժամանող՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Տեղեկացնենք, որ երեկ Սաուդյան Արաբիան հրաժարվել է միջնորդական առաքելություն իրականացնել այդ երկրում` Լիբանանում ստեղծված իրավիճակն անվանելով «վտանգավոր»:
Այս մասին հաղորդում է թուրքական TRT հեռուստաընկերության կայքը:
Հիշեցնենք միայն, որ արդեն երկու օր է՝ Դավութօղլուն գտնվում է Լիբանանում` միջնորդական առաքելություն իրականացնելով լիբանանյան տարբեր քաղաքական ուժերի միջև լարվածությունը հանելու համար, որն առաջացել է երկրում քաղաքական մեծամասնության կոալիցիայի փլուզումից հետո: