ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ողջունել է Կոսովոյի կողմից տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումների հարցում ձեռք բերած առաջընթացը և հայտարարել է, որ Բալկանյան երիտասարդ պետությունը գտնվում է Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Քլինթոնն այս հայտարարությունն արել է` ելույթ ունենալով Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչիի հետ պետքարտուղարությունում ունեցած բանակցություններից հետո: Նա նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել «Կոսովոյի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը» և Սերբիայի հետ մի շարք վիճելի հարցերի շուրջ տեղի ունեցող բանակցություններին:
Թաչին իր հերթին ասել է, որ իր երկիրը դեռ շատ անելիք ունի հասարակությանը վերափոխելու հարցում, սակայն Կոսովոն երբեք չի հրաժարվի ազատությունից, որը ձեռք է բերվել մեծ դժվարությամբ: