Սեյշելյան կղզիների միջազգային օդանավակայանում, որը գտնվում է Սեյշելյան կղզիախմբի ամենամեծ` Մաէ կղզում, կործանվել է ամերիկյան անօդաչու ինքնաթիռ: Այս մասին հաղորդում են Սեյշելների քաղաքացիական ավիացիայի վարչությունում:
«Անօդաչուն շատ մեծ արագության տակ բախվել է թռիչքուղուն, չի կարողացել արգելակել և հայտնվել է օվկիանոսում»,- ասվում է հայտարարության մեջ:
ԱՄՆ դեսպանատունն այս տեղեկությունը չի մեկնաբանում, սակայն հայտնի է, որ ինքնաթիռում խնդիրներ են առաջացել դեռևս թռիչքի ժամանակ. այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը: Գործակալությունը նաև հիշեցնում է, որ նույն օդանավակայանում 2011թ.-ի դեկտեմբերին կործանվել է մեկ այլ անօդաչու սարք:
Ամերիկյան զինված ուժերը Սեյշելյան կղզիներում տեղակայել են անօդաչու ինքնաթիռներ, որոնք հետևում են Հնդկական օվկիանոսում Սոմալիի ծովահենների գործողություններին: