ՀԱՕԿ լրատվության բաժնի փոխանցմամբ`Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականների մարզիչներն իրենց սաներին նախապատրաստում են լուրջ մրցաշարերի: Նշենք, որ ապրիլի 5–ին Երևանում կանցկացվի ուսումնամարզական հավաք: Հիշեցնենք, որ մեր ըմբիշները պետք է մասնակցեն իրար հաջորդող Օլիմպիական վարկանիշային 3 մրցաշարերի:
Առաջին մրցաշարը կմեկնարկի ապրիլի 18 –ին ` Բուլղարիայում, որտեղ Օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգրեր կստանան միայն եզրափակիչի երկու մասնակիցները: Այնուհետև մեր հավաքականները կմեկնեն Չինաստան. ապրիլի 27-29-ը կայանալիք միջազգային մրցաշարում ուղեգիր կշնորհվի լավագույն 3 մասնակիցներին:
Վարկանիշային երրորդ մրցաշարը տեղի կունենա Հելսինկիում` մայիսի 4-6-ն ընկած ժամանակհատվածում: Այստեղ վարկանիշներ կստանան յուրաքանչյուր քաշային կարգում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած մարզիկները:
Նշենք, որ ներկայումս Օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգրեր ունեն Արսեն Ջուլֆալակյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 74 կգ) և Միհրան Ջաբուրյանը (ազատ ոճի ըմբշամարտ, 55կգ):