«Ազատության աշտարակ» ամերիկյան երկնաքերը, որը կառուցվում է ոչնչացված Համաշխարհային առևտրի կենտրոնի տեղում, կդառնա ԱՄՆ–ի ամենաբարձր շինությունը: Ինչպես նշում է Газета.Ru-ն, 100 հարկն արդեն կառուցված է:
«Ազատության աշտարակի» (պաշտոնական անվանումը` One World Trade Center) պողպատե տեղակայումներն արդեն հասել են 100–րդ հարկին, մնացել է ևս չորս հարկ, որպեսզի հասնեն աշտարակի գագաթին»,- ասվում է Նյու Յորքի և Նյու Ջերսիի վարչակազմերի հայտարարության մեջ:
«Ազատության աշտարակի» բացումը նախատեսված է 2013 թվականին: Նախատեսվում է, որ շինության բարձրությունը կլինի 1776 ֆուտ (541 մետր), ինչը խորհրդանշական թիվ է (1776 թվականին ԱՄՆ-ում ընդունվել է Անկախության դեկլարացիան):
Երկնաքերի կառուցման ավարտից հետո այն կդառնա ԱՄՆ ամենաբարձր շինությունը:
Երկնաքերը կառուցվում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի կողքին:
Ինչպես հաղորդվում է, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավանություն է տվել ԱՄՆ–ի մուսուլմանական համայնքի՝ ահաբեկչության վայրում մզկիթ և իսլամական մշակութային կենտրոն կառուցելու առաջարկությանը։ «Որպես քաղաքացի և որպես նախագահ՝ գտնում եմ, որ մուսուլմանները ևս իրավունք ունեն նշել իրենց կրոնական ծեսերը, ինչպես երկրի մյուս բոլոր քաղաքացիները»,- ասել է նախագահը:
Ըստ պաշտոնական վարկածի՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրագործված ահաբեկչությունն իրականցվել էր «Ալ-Կաիդա» խմբավորման գրոհայինների կողմից: Ահաբեկիչներն առևանգել էին United Airlines և American Airlines ավիաընկերությունների չորս ինքնաթիռներ: Դրանցից երկուսը մխրճվել էին WTC (Համաշխարհային առևտրի կենտրոն) աշտարակների մեջ, մեկն ընկել էր Պենտագոնի վրա: Չորրորդ ինքնաթիռը` United 93-ը, ընկել էր Փենսիլվանիայի դաշտերից մեկում: Ահաբեկչության արդյունքում զոհվել է 2974 մարդ` չհաշված ահաբեկիչներին: 24-ն անհետ կորած են: Զոհվել էին ինչպես ԱՄՆ, այնպես էլ 91 այլ պետությունների քաղաքացիներ:











































