Ինչպես գրում է The World Bulletin պարբերականը, թուրքական իշխանությունները ԱՄՆ հետ հարաբերությունների պատմության ընթացքում առաջին անգամ պատժում են և փոխհատուցում են պահանջում ամերիկյան ընկերությունից: Իսկ խոսքը ավիաշինության ամերիկյան հսկաներից մեկի` Sikorsky Aircraft ընկերության մասին է:
2005թ. թուրքական զինված ուժերը այդ ընկերությանը պատվիրել էին Sikorsky S-70B Seahawk մակնիշի 24 ուղղաթիռ:
Ցայսօր ամերիկյան ընկերությունը թուրքական պատվերը կատարել է մասամբ` զինված ուժերին հանձնելով ընդամենը 7 մեքենա: Հիմա թուրքական կողմը որպես փոխհատուցում չկատարած պայմանագրի համար պահանջում է, որպեսզի Sikorsky ընկերությունը Թուրքիային տրամադրի ոչ թե 24, այլ 25 ուղղաթիռ:
Պարբերականի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի գործողությունները` ԱՄՆ պաշտպանության նախարարության փորձագետները նշել են, որ սա առաջին անգամ է, երբ Թուրքիան այսպիսի քայլի է դիմում. «Ժամանակ առ ժամանակ Թուրքիայի դիրքն ավելի ուժեղ է դառնում»: