Այսօր Լեհաստանի խորհրդարանում տեղի ունեցան քննարկումներ, որոնք նվիրված էին Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռի վթարի քննության արդյունքներին: Լսումներն անցել են ծայրահեղ լարված պայմաններում:
Խորհրդարանում նախ ելույթ է ունեցել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, որը հայտարարել է, թե չի ցանկանում, որպեսզի Սմոլենսկում ինքնաթիռի կործանման պատճառով նոր «սառը պատերազմ» սկսվի Լեհաստանի և Ռուսաստանի միջև: Այս հայտարարությունը միանշանակ ընդունելության չի արժանացել ներկա պատգամավորների կողմից, որոնք սկսել են վանկարկել` ամոթ: Լեխ Կաչինսկու եղբայրը` Յարոսլավը, ցուցադրաբար լքել է խորհրդարանի դահլիճը:
Տուսկը նշել է, որ ընդդիմությունը փորձում է ոչ թե պարզել ավիավթարի իրական պատճառները, այլ քաղաքական դիվիդենտներ շահել սրանից, ինչպես նաև փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Տուսկը նաև նշել է, որ կառավարության նպատակն է պարզել վթարի իրական պատճառները և պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նա նաև նշել է, որ Լեհաստանն ունի ավելի շատ փաստաթղթեր այս գործի հետ կապված, սակայն չի մանրամասնել, թե ինչ փաստաթղթեր են դրանք:
«Առաջին լրատվականը» տեղեկացրել է, որ լեհական կողմը բացասաբար էր ընդունել ռուսական քննության արդյունքները: Միջպետական ավիացիոն կոմիտեի եզրակացության հրապարակումից հետո Լեհաստանի իշխանությունները հայտարարել էին, որ եզրակացությունը թերի է, իսկ դիսպետչերներին գնահատական չի տրվել, քանի որ ըստ լեհական կողմի` դիսպետչերները կարող էին, բայց չեն կանխել ավիավթարը: