Եգիպտական լիբերալ «Վաֆդ» կուսակցությունը Եգիպտոսի առաջիկա նախագահական ընտրություններում կպաշտպանի Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) նախկին գլխավոր քարտուղար Ամր Մուսայի թեկնածությունը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով կուսակցության պաշտոնական կայքը:
«Ամր Մուսան առաջիկա նախագահական ընտրություններում «Վաֆդ» կուսակցության թեկնածուն է»,- ասել է կուսակցության փոխնախագահ Մուհամմադ Քամիլը:
Որոշմումը կայացվել է Գերագույն կոմիտեի և կուսակցության խորհրդարանական խմբավորման՝ մի քանի ժամ տևած համատեղ նիստից հետո:
Ամր Մուսան 10 տարի եղել է ԱՊԼ գլխավոր քարտուղարը, և առաջիններից մեկն է, որը հայտնել է Եգիպտոսի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: Նրա համախոհներն արդեն անհրաժեշտ քանակությամբ ստորագրություն են հավաքել և այս պահին սպասում են գրանցման պաշտոնական գործընթացի ավարտին:
«Վաֆդ» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին հավաքել է ձայների 8%-ը և ստացել 39 պատգամավորական մանդատ:
Այսպիսով, «Վաֆդը» դարձել է Եգիպտոսի երկրորդ խոշոր քաղաքական ուժը, որն իր աջակցությունն է հայտնել թեկնածուներից մեկին:
Հիշեցնենք. անցյալ շաբաթ «Մուսուլման եղբայրները» առաջադրեցին իրենց թեկնածուին՝ խոշոր գործարար Հայրաթ Ալ-Շատիրային, ինչը սուր քննադատության տեղիք տվեց, քանի որ ավելի վաղ «Եղբայրությունը» հայտնել էր, որ չի պայքարելու նախագահի պաշտոնի համար:
Եգիպտոսի «Ալ-Ահրամ» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի անցկացրած վերջին հարցման տվյալներով՝ Ամր Մուսան եգիպտացիների շրջանում ամենահայտնի քաղաքական գործիչն է: Նրա թեկնածությանը կողմ են արտահայտվել հարցման մասնակիցների 30%-ը:










































