«Առաջին լրատվական»-ը տեղեկացրել էր, որ ՀՀՇ-ի նախկին նախագահ, Կենտրոնի նախկին թաղապետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Արարատ Զուրաբյանը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համագումարին հայտարարել էր, որ թիվ 10 ընտրատարածքում սատարելու է Գարեգին Նուշիկյանին: «Ձայնս տալու եմ Գարեգին Նուշիկյանին, որովհետև իմ բոլոր ընտրություններին Նուշիկյանը իմ կողքին կանգնած է եղել, իմ ընկերն է, մենք իրար հետ շատ երկար ճանապարհ ենք անցել, և կարծում եմ՝ իմ ընկերական պարտքս պետք է կատարեմ: Նաև մի տարրական բան ասեմ. Այն ժամանակ, երբ նստած եմ եղել ԱԱԾ մեկուսարանում իմ ընտանիքը Գարեգին Նուշիկյանի մեքենայից է օգտվել»,- ասել էր Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ թիվ 10 ընտրատարածքի մեծամասնական թեկնածու Գարեգին Նուշիկյանը , մասնակցել էր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համագումարին և իր ներկայությունը բացատրել էր այսպես՝ «Արարատ Զուրաբյանը իմ ընկերն է, դրա համար էլ ներկա եմ»:
Hayeli.am-ի տեղեկություններով այս հայտարարություններից հետո թիվ 10 ընտրատարածքի մյուս թեկնածուն՝ Խաչատուր Սուքիասյանը (այժմ նրա փոխարեն առաջդրվել է եղբայրը՝ Սարբեկ Սուքիասյանը-խմբ.), ով ժամանակին ֆինանսապես աջակցել է Զուրաբյանի ընտրարշավին, հետ է պահանջել իր տված փողերը: Սուքիասյանները իրենց գումարները Զուրաբյանից ստացել են:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով Սարիբեկ Սուքիասյանը ֆինանսապես օգնել է ոչ թե Արարատ Զուրաբյանին, այլ Հայ ազգային կոնգրեսին, որի առաջադրմամբ էլ Արարատ Զուրաբյանը մասնակցել է Երևանի Կենտրոն համայնքի թաղապետի ընտրություններին, սակայն Սարիբեկ Սուքիասյանն այդ գումարը պահանջել է ոչ թե Հայ ազգային կոնգրեսից, այլ Արարատ Զուրաբյանից:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով Սարիբեկ Սուքիասյանի հատկացրած 10.000 դոլարը Արարատ Զուրաբյանն արդեն վերադարձրել է Սուքիասյաններին:











































