Քիչ առաջ Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը ՀՔՄ կենտրոնական գրասենյակի նիստերի դահլիճում մեկնարկեց լսումների պլենար նիստ, որի աշխատանքներին մասնակցում են իրենց կուսակցությունների և դաշինքների դիրքորոշումները ներկայացնող հայաստանյան վեց հիմնական քաղաքական ուժերի ղեկավար ներկայացուցիչները:
ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ սրանք աննախադեպ քննարկումներ են, որոնց ընթացքում Հայաստանի հիմնական քաղաքական ուժերի պատասխանատուները քննարկել են հանրային վերահսկողության միջոցով ընտրությունների նոր որակով անցկացման հնարավորությունը: Հմայակ Հովհաննիսյանը ներկայացրեց հռչակագիր, որը քննարկման մասնակիցների կողմից պետք է ստորագրվի:
Ըստ հռչակագրի` այդ քաղաքական ուժերը պատրաստ են նշանակել իրենց կուսակցություններից մեկական ներկայացուցիչ, որը կապահովի միասնական շտաբի և կուսակցության շտաբների միջև կապը:
«Միասնական շտաբը պետք է իրականացնի հանրային վերահսկողություն և հակաճգնաժամային գործառույթ և կանխի այն սրացումները, որոնք, հնարավոր է, լինեն՝ ինչպես «Մարտի 1»-ը: Ես բոլոր մասնակիցներին շնորհակալություն եմ հայտնում լսումներին մասնակցելու համար»,- նշեց Հմայակ Հովհաննիսյանը:
Պլենար նիստին մասնակցում են ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանը, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, ՀՅԴ ներկայացուցիչը:
Նախաձեռնությունը ողջունեց նախ՝ ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը՝ ընդգծելով, որ այսօր ավելի կարևոր բան չկա, քան անցկացնել ազատ և արդար ընտրություններ: Ըստ նրա` բացառությամբ մեկի՝ բոլոր նախորդ ընտրությունները խախտումներով են անցել, դիտորդները միշտ խախտումներ են արձանագրել, ինչի պատճառով էլ ժողովրդի մոտ թերահավատություն է առաջացել ընտրությունների նկատմամբ:
«Շատ կարևոր է օրինական իշխանություն ունենալ, դրա բացակայությունը մշտապես խանգարել է իշխանություններին՝ գործելու ավելի համարձակ և միջազգային ասպարեզում ավելի պինդ զգալու: Այս իմաստով մեր համատեղ աշխատանքը շատ կարևոր է: Ինը ընտրություն անցկացնելով` բավական փորձ ենք ձեռք բերել: Ես կառաջարկեի, որ հնարավոր խախտման բոլոր ձևերը հաշվի առնելով՝ փորձենք դրանց համատեղ լուծում տալ, ինչը իսկապես կարող է արդյունավետ լինել: ԲՀԿ-ն այս առումով պատրաստ է աշխատել բոլոր քաղաքական ուժերի հետ»,- հայտնեց Վարդան Օսկանյանը:
«Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը առաջարկին հավանություն տվեց: Նա նշեց, որ ժողովուրդը ցանկանում է իր պետության մեջ ականատեսը դառնալ ազատ և արդար ընտրությունների անցկացման: «Մեր խնդիրն է ապահովել և պարտադրել նորմալ ընտրություններ»,- ամփոփեց Ռ. Հակոբյանը:
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն իր ելույթի ընթացքում տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը շատ լուրջ է տրամադրված այս գործին: Ըստ նրա` ընտրակեղծարարությունը Հայաստանում դարձել է քաղաքական համակարգի չարիքը, և մենք պատրաստ ենք մեծ ջանքեր ներդնել հանուն այդ չարիքի վերացման:
«Չարիքի հեղինակը Ս. Սարգսյանի ղեկավարած ռեժիմն է: Սեղանի շուրջ հավաքված բոլորը ուժերը, բացառությամբ մեկ ուժի, շահագրգռված են ազատ ընտրությունների անցկացմամբ: Ես հասկանում եմ, որ պետք է ամեն բան անել ժողովրդին ոգևորելու համար, որ հնարավոր է այս ամենի դեմն առնել, բայց արդեն ռեժիմն արել է քայլեր, որոնք ցույց են տալիս, որ նա պատրաստ է կեղծիքների:
Հայաստանի բնակչությունը պակասում է, սակայն նույն համառությամբ ընտրողների ցուցակը մեծանում է: Այս պարադոքսի մեկնաբանությունը իշխանությունները չեն կարող տալ և նորից պետք է կեղծեն ընտրությունները: Ընտարակաշառքի դեպքերը նույնպես ավելանում են. մենք առաջարկում ենք խոսքից գործի անցնել»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Նա նաև հայտարարեց, որ ՀՀ ոստիկանապետին ուղղված բաց նամակով պահանջում է ներկայացնել երկրից մշտապես բացակայող անձանց ցուցակը: ՀԱԿ համակարգողը բոլոր ներկաներին առաջարկեց ստորագրել բաց նամակ-դիմումի ներքո: Նա նաև ստորագրեց հանրային վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ հռչակագրի ներքո:











































