Սիրիայի բանակը վերսկսել է հարձակումներն ապստամբերի վրա՝ չնայած ավելի վաղ հայտարարել էին ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագիրն ընդունելու մասին: Ինչպես գրում է բրիտանական The Times թերթը՝ վկայակոչելով ականատեսներին, զինվորականները հրդեհել են ակտիվիստների տները, ոչնչացրել սննդի պաշարները և ձերբակալել մարդկանց:
Դաել քաղաքի ակտիվիստներից Սայիդ Մահմուդը թերթին հայտնել է, որ երեկ կառավարական զորքերը հրդեհել են 14 տուն:
«Կատարվում են ձերբակալություններ, զորքերը համալրում են ստանում,- ասել է նա:- Մարդկանց քաղցի մատնելու համար վարչակարգի զորքերը ներխուժում են տները, ոչնչացնում ուտելիքի պաշարները և սարքավորումները»:
Հիշեցնենք. ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիրիայի իշխանությունները սկսել են դուրս հանել զորքերը երկրի որոշ քաղաքներից, որոնցում իրադրությունը համեմատաբար խաղաղ է: Այն բնակավայրերում, որտեղ դրությունը շարունակում է լարված մնալ, զորքերը դիրքեր են գրավում արվարձաններում:








































