Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Քուվեյթի դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիիի հանդիպման ժամանակ քննարկվել են քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձի փոխանակման և ներդրումային դաշտի զարգացմանն առնչվող հարցեր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ կարևորելով մայրաքաղաքային տնտեսության մեջ հնարավոր ներդրումների ներգրավումը, քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքում ներդրումային հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր. «Քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցության համար և պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը կնպաստի երկու երկրների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների զարգացմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիին պատրաստակամություն է հայտնել ներդրումային առաջարկությունների փաթեթը ներկայացնել Քուվեյթի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումային ընկերություններին. «Համոզված եմ, որ առաջարկները կհետաքրքրեն մեր գործարարներին: Վստահ եմ, որ հատկապես զբոսաշրջության բնագավառում մեր երկրների միջև զարգացման լայն հեռանկարներ կան: Դուք հրաշալի երկիր և ժողովուրդ ունեք և ես կարծում եմ, որ արդեն այս ամառ բազմաթիվ քուվեյթցիներ իրենց հանգիստը կնախընտրեն անցկացնել Հայաստանում և Երևանում»,- նշել է դեսպանը:











































