Հայաստանի Ազգային գրադարանում այսօր տեղի ունեցավ «Սևրի պայմանագիրը և Հրանտ Դինքը» խորագրով միջոցառումը` նվիրված Հրանտ Դինքի սպանության չորրորդ տարելիցին: Ներկայացվեց Հրանտ Դինքի կյանքի և գործունեության մասին պատմող տեսաֆիլմը, ապա ելույթ ունեցան քաղաքագետ Լևոն Շիրինյանը, «1500.000+1. Հայրենիք-Սփյուռք մշակութային կամուրջ» ՀԿ-ի նախագահ Արամ Ավետիսյանը, ինչպես նաև այլ հյուրեր: «Դեռևս 1915 թ. Թուրքիայի կողմից որդեգրված ցեղասպանության քաղաքականությունը մեր դեմ շարունակվում է մինչև հիմա: Դրա ապացույցն են Հրանտ Դինքի սպասնությունը Թուրքիայում և նույն 2007 թ. Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը Բուդապեշտում»,- իր խոսքում նշեց Ա. Ավետիսյանը: Միջոցառման ժամանակ Արևմտյան Հայաստանի տարածքների վերադարձման մասին միջազգային պայմանագրերին անդրադարձավ քաղաքագետ Լևոն Շիրինյանը, ըստ որի՝ դրանք բավականին կարևոր ինֆորմացիա են պարունակում հարցի լուծման համար: «Պետք է ստեղծել միասնական կազմակերպություն, որը կներկայացնի բոլոր փաստաթղթերը միջազգային դատարաններում և հանդես կգա որպես Թուրքիայի քաղաքականությանը զոհ գնացած հայ մարդկանց իրավունքների իրավատեր»,- կոչ արեց Լևոն Շիրինյանը: Քաղաքագետի կարծիքով, ՀՀ-ն պետք է միջազգային փորձագիտական խմբեր ստեղծի, որոնք հարցը կբարձրացնեն միջազգային դատարաններում: