Այսօր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովի շրջանակներում տեղի է ունեցել «Սահմանների բացում. հայ-թուրքական հարաբերությունների վերականգնում» թեմայով քննարկում: «ՄԱԿ-ի մոդել ծրագրի նպատակն է տարածել կազմակերպության արժեքներն ու սկզբունքները` զինելով հայ երիտասարդներին դիվանագիտության, միջազգային հարաբերությունների, ժողովրդավարության, հակամարտությունների կարգավորման եւ զարգացման ռազմավարությունների շուրջ անհրաժեշտ գիտելիքների պաշարով»,- քննարկման ժամանակ նշել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան: Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ուրախ է աջակցելու ավանդական դարձած ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովին, որը հնարավորություն է տալիս երիտասարդությանը ոչ միայն ձեռք բերել համապարփակ գիտելիքներ ՄԱԿ-ի, բանակցային գործընթացի նրբությունների եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, այլեւ նպաստում է երիտասարդների դիվանագիտական հմտությունների զարգացմանը: Խորհրդաժողովը կազմակերպել էր ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության, Միջազգային հետազոտությունների եւ փոխանակման խորհրդի, ԱՄՆ պետդեպարտամենտի հետ համագործակցությամբ: