Ինչպես հայտնում է Экспресс-К ղազախական լրատվական ծառայությունը, Աստանայի իրավաբանական ընկերություններից մեկի աշխատակիցները մտադիր են դատի տալ ամերիկացի Դենիս Հոուպին, որն իրեն հայտարարել է Մարսի և Լուսնի սեփականատեր:
Տեղեկացնենք, որ Կալիֆոռնիայի բնակիչ Դենիս Հոուպը դեռ 1980-ական թթ. իրեն հայտարարել է Մարսի և Լուսնի տեր և սկսել զբաղվել տարածքների վաճառքով:
Հոուպի հավակնությունների հանդեպ իր բողոքն է արտահայտել նաև գերմանացի թոշակառու Մարտին Յուրգենսը, որը հայտնել է, որ Լուսինն իրականում պատկանում է իրեն: Գերմանացու վարկածով, Լուսինը դեռ XVIII դարում Ֆրեդերիկ Մեծ թագավորը նվիրել է իր նախնիներին, որից հետո այն ժառանգաբար հասել է իրեն:
Ղազախստանցի փաստաբանները որոշել են վիճարկել նրա իրավունքներն Արեգակնային համակարգի օբյեկտների հանդեպ, ինչպես նաև պահանջել նրանից բարոյական վնասի փոխհատուցում:
Հոուպի դեմ հայցը ղազախները պլանավորում են ուղարկել Միջազգային միջնորդական դատարան: Ֆորմալ առումով իրավաբանները, ինչպես մանրամասնեց ընկերության տնօրեն Ասիլբեկ Աբդիգարեևը, ներկայացնելու են նրանց, ովքեր հավատացել են ամերիակացուն և Մարսի ու Լուսնի վրա ձեռք են բերել հողատարածքներ: Թե Ղազախստանի քանի քաղաքացի է արել նման գնում՝ չի մանրամասնվում: