Ջերմուկից «Հրապարակ»-ին զանգահարած քաղաքացին խնդրել է բարձրաձայնել, թե ինչպես եղավ, որ Խաչատուր Սուքիասյանի և էդուարդ Մադաթյանի մասով անձնագրայինը հայտնաբերեց, որ վերջիններս մի քանի ամիս բացակայել են Հայաստանից, ուստի չեն կարող առաջադրվել Աժ պատգամավորության թեկնածու, իսկ ասենք` «Ջերմուկի» սեփականատեր Աշոտ Արսենյանի մասով չհայտնաբերեց` այն դեպքում, որ վերջինս «տարին տասներկու ամիս արտասահմաններում է, և Ջերմուկում նրա երեսը չեն տեսնում»:
«Իրականում իշխանությունը շատ վիճելի ու վտանգավոր ճանապարհ ընտրեց անցանկալի թեկնածուներից ազատվելու համար: Երբ օրենսդրորեն ձևակերպված չէ, թե ինչ է նշանակում հինգ տարվա բնակության ցենզ, և այդ հաշվարկը կամայականորեն է արվում, կարելի է ամեն ինչ հասցնել աբսուրդի` ասենք, հաշվել, թե տարվա մեջ մարդը քանի օր ու ժամ է բացակայել երկրից, գումարել իրար և հայտարարել, որ վեց ամիս Հայաստանում գտնվելու ժամկետը չի պահպանվել»: