Թեհրանի Reuters գործակալության աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով: Այս մասին հայտարարել է Իրանում օտարերկրյա լրատվամիջոցների մոնիթորինգի բաժնի ղեկավար Ջավադ Ագաջարին:
«Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ լրագրողները ստեղծել են մի ֆիլմ, որտեղ նինձա մարտարվեստի իրանցի մարզուհիներն անվանվել են մարդասպաններ: Թեհրանյան Reuters-ի աշխատանքը դադարեցվել է մինչև այս հարցի լիակատար ուսումնասիրություն»,- նշել է նա:
Նա նաև ասել է, որ այդ ռեպորտաժը շատ բացասական ազդեցություն է թողել, որովհետև տպավորություն է ստեղծվում, որ Իրանում պատրաստվում են մարդասպաններ և ահաբեկիչներ:
Իրանական Press-TV-ի տվյալներով՝ Reuters-ը դեռ ներողություն չի խնդրել:
Իրանի իշխանությունները վերցրել են գործակալության 11 թղթակիցների վկայականները: Ներկա դրությամբ գործակալության ղեկավարությունը բանակցություններ է վարում Իրանի հետ` աշխատանքները վերսկսելու համար:
Կին-նինձաները մտադիր են Reuters-ի դեմ դատական հայց ներկայացնել այն բանի համար, որ ռեպորտաժում մարզուհիներին անվանել են «իրանական մարդասպաններ»: Աղջիկները հիմա անհանգստանում են, որ այս ամենից հետո իրենք խնդիրներ կունենան միջազգային մրցաշարերին մասնակցելու հարցում:
Իրանում նինձա մարտարվեստն տարածված է արդեն 22 տարի: Ներկա դրությամբ այդ մարտարվեստով զբաղվում է 26 հազար մարդ, որոնցից 3 հազարը կանայք են:








































