Աննա Չափմանը ամերիկյան Հետախուզությունների դաշնային բյուրոյի (FBI)կողմից 2010թ. հնարավոր է՝ ձերբակալվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի անդամներից մեկին գայթակղելու մտավախությունների պատճառով: Ռուս լրտեսուհու ձերբակալության վերաբերյալ այսպիսի տեսակետով հանդես է եկել BBC-ն:
Ավելին, բրիտանացի լրագրողների կարծիքով՝ Աննա Չափմանի՝ ամերիկյան իշխանությունների վերին էշելոններում ունեցած ենթադրյալ կապերի շուրջ մտավախություններն էլ հենց եղել են նրա հետ միասին ևս 10 հոգուց բաղկացած լրտես ներգաղթյալների խմբի ձերբակալության պատճառը:
Այսօր երեկոյան BBC հեռուստաընկերության երկրորդ ալիքը կցուցադրի «Ժամանակակից լրտեսները» վավերագրական ֆիլմի առաջին մասը՝ նվիրված տարբեր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի հետախուզական ծառայությունների աշխատանքին: Հաղորդվում է, որ այդ ֆիլմի համար բրիտանական հատուկ ծառայությունների գործող աշխատակիցները պատմության մեջ առաջին անգամ հեռուստահարցազրույց են տվել: Իհարկե, նրանց դեմքերը չեն ցուցադրվել, իսկ նրանց արտաբերած արտահայտությունները հնչյունավորել են դերասանները՝ նրանց ձայները թաքցնելու համար: Ֆիլմի երկրորդ մասը եթեր դուրս կգա մյուս շաբաթ: Սակայն մամուլում հոդվածներ են հրապարակվել, որոնք մասամբ բացահայտում են ֆիլմի բովանդակությունը:
«Բազմասերիանոց ֆիլմում բացահայտվում է իրական պատճառը, որի համար FBI-ը 2010թ. հանկարծակի ձերբակալեց ռուս լրտես Աննա Չափմանին,- գրում է Independent on Sunday թերթը:- Բարձր պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձինք մտավախություն ունեին, որ հմայիչ ռուս լրտեսուհին պատրաստվում է գայթակղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շրջապատին պատկանող մոտ մարդկանցից մեկին: Ֆրենք Ֆիլյուցին՝ FBI-ի հակահետախուզական բաժնի ղեկավարը, պատմել է, որ նա «գնալով ավելի ու ավելի էր մոտենում բարձրաստիճան ղեկավարությանը»»:
Հակահետախուզության բաժնի ղեկավարը, սակայն, հրաժարվել է նշել այն պաշտոնյայի անունը, ում պատրաստվում էր գայթակղել Չափմանը: