«Ժառանգության» և «Ազատ դեմոկրատներ»-ի միասնական ցուցակը գաղափարական հենք է, որի նպատակը Հայաստանում իշխանափոխություն իրականացնելն է. այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:
«Այս միավորը հաղթանակի դեպքում անպայման անցնելու է կառավարման այլ՝ վարչապետական կարգի: Թիմը հեռանկարային է և հստակ գիտի իր անելիքը»,- ասաց նա:
Հակոբյանի խոսքով՝ «Ժառանգության» դռները բաց են քաղաքական բոլոր ուժերի, այդ թվում՝ ՀԱԿ-ի հետ համագործակցության համար:
«Մենք կարծում ենք, որ որակական մեծամասնություն կարող ենք կազմել ԱԺ-ում, որի շուրջ էլ հնարավոր կլինի կոալիցիա ստեղծել»:
Ասուլիսի մյուս բանախոս, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն իր հերթին նկատեց, որ երկու ուժերի միասնական ցուցակը երկարաժամկետ համագործակցության սկիզբ է:
«Սա իրավահավասարության հիմունքներով ստեղծված միասնություն է՝ նախատեսված ոչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ լուծումների համար: Իսկ միասնական ցուցակը անվանվեց «Ժառանգության» անունով, քանի որ ի տարբերություն «Ազատ դեմոկրատներ»-ի՝ վերջինս ավելի մեծ ճանաչում ունի»,- ասաց նա:
Անդրադառնալով նոր խորհրդարանում իշխանության հետ կոալիցիա կազմելու հնարավորությանը՝ Ալեքսանդր Արզումանյանը կտրականապես բացառեց նմանօրինակ զարգացումը:
Ասուլիսի բանախոսները նաև ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ Հայաստանում լավ ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք չկա:
«Ընտրացուցակներում հազարավոր մահացած ու Հայաստանից բացակայող մարդկանց անուններ կան: Ինձ զանգահարում են արտասահմանյան քաղաքացիություն ունեցող, Նյու Յորքում, Փարիզում բնակվող իմ ընկերները, ովքեր փաստում են, որ իրենց անունները կան ընտրացուցակներում: Կեղծիքներով իշխանության եկած ուժերն այս անգամ էլ ձգտելու են վերարտադրվել, սակայն մենք անելու ենք ամեն բան՝ հետևելու նրանց այդ գործողություններին, պայքարելու իշխանությունների դեմ»:











































