Վրացական «Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցում Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է դադարեցնել Վրաստանի ֆինանսավորումը.
«Բացարձակ օրինաչափ են ամերիկացի կոնգրեսականների՝ Վրաստանի ֆինանսավորումը դադարեցնելու մասին պահանջները, եթե աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցկացվեն ոչ ժողովրդավար ձևով: ԱՄՆ-ի համար հետաքրքիր չի լինի ոչ ժողովրդավարական Վրաստանը:
Դրա համար էլ ԱՄՆ-ը հատուկ ուշադրություն է հատկացնում առաջիկա ընտրություններին: Դեռ երբեք ամերիկյան դեսպաններն այդքան բաց ձևով չեն քննադատել Վրաստանին: Ընտրությունները կեղծելու՝ Վրաստանի իշխանությունների բոլոր ճանապարհները փակված են: Այլևս ոչ ոք աչք չի փակի դրա վրա»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը հայտարարեց, որ վերջին 20 տարիներին ԱՄՆ-ը Վրաստանին հատկացրել է 3 միլիարդ դոլարի օգնություն: