ԱՄՆ դատարանների հսկողության դեպարտամենտը դատավոր Շիրե Շեյնդլինին խորհուրդ է տվել ռուս գործարար Վիկտոր Բուտին դատապարտել 30 տարվա ազատազրկման: Այս մասին այսօր հայտարարել է RIA Novosti-ն` հղում կատարելով վերջինիս պաշտպան Ալբերտ Դայանային:
Նրա խոսքով` Բուտը հրաժարվել է հանդիպել դեպարտամենտի աշխատակիցների հետ:
«Այն, ինչ նա ցանկանա ասել, անձամբ կասի դատարանում»,- ասել է նրա փաստաբանը:
Մարտի 30-ին դատախազությունը խնդրել էր Բուտին դատապարտել ցմահ բանտարկության: Բուտի պաշտպաններն իրենց հերթին խնդրում են դատավորների կայացրած մեղադրական եզրակացությունը չեղյալ հայտարարել:
Հիշեցնենք, որ Վիկտոր Բուտը զենքի վաճառքի հետ կապված անօրինական գործարքների մեղադրանքով 2008թ. գարնանը կալանավորվել է Թաիլանդում:
2010թ. վերջին գործարարին արտահանձնել են Միացյալ Նահանգներ, որը մեղադրել է ռուսին FARC ահաբեկչական խմբավորմանը զենք վաճառելու մեջ: Անձամբ Բուտը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:
Նրա դեմ դատավարությունն սկսվել է 2011թ. հոկտեմբերին՝ Նյու Յորքում: Նոյեմբերի 2-ին դատավորները միաձայն նրան մեղավոր ճանաչեցին ահաբեկչության մեջ: Բուտի դատավճիռը կհրապարակվի ապրիլի 5-ին: