Երեխաներին ճարպակալման ռիսկից կարելի է «ապահովագրել» ներարգանդային փուլում: Ավելորդ քաշ ունեցող ծննդկաններին առաջիկայում բրիտանացի բժիշկները կառաջարկեն դիաբետային հաբեր` մետֆորմիններ, որոնք կնվազեցնեն գեր երեխա լույս աշխարհ բերելու հավանականությունը:
Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայությունը փորձում է դեղահաբերով կանխել ճարպակալության «համաճարակը»: Փորձարկումների դրական արդյունքի դեպքում, հաբերը աշխարհի դեղատներում կհայտնվեն 5 տարուց: DailyMail-ի փոխանցմամբ` այդ դեղահաբերը սկսել են արդեն կիրառել բրիտանական 4 քաղաքների` Լիվերպուլի, Քովենթրիի, Շեֆիլդի և Էդինբուրգի շուրջ 400 ճարպակալած ապագա մայրիկներ: Նրանք ընդունում են հաբերը` հոգալով սաղմնային վիճակում գտնվող երեխայի առողջության մասին:
Հայտնի է, որ ճարպակալած կանանց օրգանիզմում ինսուլինի արտադրությունը ավելի բարձր է, քան մարմնի նորմալ քաշ ունեցողների մոտ, այդ իսկ պատճառով մոր ընդունած սննդի մեծ մասն անցնում է պտղին: Իսկ մետֆորմինը արյան մեջ նվազեցնում է ինսուլինի քանակը:
Հղի բրիտանացի կանանց 15 տոկոսը տառապում է ճարպակալությամբ, ինչը ծննդաբերության ժամանակ սպառնում է ճակատագրական հետևանքներով:
Հետազոտությունները ցույց են տվել, որ գեր կանանցից «հսկաներ» են ծնվում։









































