Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, որին է պատկանում Գրոզնիի «Թերեք» ակումբը, երեկ հաստատեց հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Ռուդ Գուլիտի՝ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու լուրը: Ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ, Գուլիտի հետ 1.5 տարվա պայմանագիր է կնքվել: Կադիրովը հոլանդացու առջև խնդիր է դրել մրցաշրջանի ավարտին թիմին դուրս բերել եվրագավաթների գոտի:
48-ամյա Գուլիտը ֆուտբոլիստի կարգավիճակով հանդես է եկել «Հարլեմ», «Ֆեյենորդ», «Էյնդհովեն», «Միլան» և «Չելսի» ակումբների կազմում, ինչպես նաև 1981-ից մինչև 1994 թվականներին խաղացել է Հոլանդիայի հավաքականի կազմում: 1987 թվականին նա ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: 2003-2004 մրցաշրջանում մարզել է Հոլանդիայի երիտասարդական հավաքականը, այնուհետև գլխավորել է հոլանդական «Ֆեյենորդ»-ը (2004-2005 թթ.) և ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսի»-ին (2007-2008 թթ.):