Չորս ամերիկացի, չունենալով լիցենզիա, գրազով սպանել են մոտ 100 եղնիկ: Այս մասին տեղեկացրել է Fox News-ը:
20-ամյա Նատան Բլահան, 17-ամյա Սթիվեն Բահան, 18-ամյա Բրոգան Ջիլլինգեմը և նրանց անչափահաս մեղսակիցը, ում անունը չի հրապարակվել, գրազ են եկել, թե նրանցից ով շատ եղնիկ կսպանի: Դրանից հետո նրանք որսի են դուրս եկել Ռիչմոնդ շրջանի արգելանոցում:
Երիտասարդները, լույս գցելով եղնիկների աչքերին, սպանել են նրանց: Կենդանիների դիակները որսորդները թողել են տեղում, քանի որ գործել են միայն հետաքրքրությունից ելնելով:
Տեղի բնակիչները, տեսնելով եղնիկների դիակները, դիմել են ոստիկանություն: Ոճրագործությունը կատարած չափահասները ձերբակալվել են, Վիսկոնսինի դատախազությունը քրեական գործ է հարուցել նրանց դեմ: Երիտասարդներին սպառնում է վեց ամիս ազատազրկում և 1000 դոլարի չափով տուգանք:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ գրազը հաղթել է մեղադրյալներից ամենամեծը` Նատան Բլահան, ով սպանել է 20-30 եղնիկ:










































