ԱՄՆ-ի արձագանքը Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային կրիչով արբանյակի արձակման հարցի շուրջ չափազանց զգացմունքային է: Այս կարծիքն է հայտնել ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Նրա խոսքով` Վաշինգտոնի որոշումը` դադարեցնել Փխենյանին մթերային օգնություն ցույց տալ, բերեց համաձայնագրի դադարեցման, որին հասել էին երկու երկրները, երբ Հյուսիսային Կորեան պարտավորվել էր դադարեցնել միջուկային և հեռահար հրթիռների փորձարկումները ԱՄՆ-ի մթերային օգնության դիմաց:
Հիշեցնենք, որ մարտի սկզբին տեղեկություններ տարածվեցին, որ Կորեայի «հավերժական նախագահ» Կիմ Իր Սենի 100-ամյակին նվիրված արբանյակ է արձակվելու:
Պաշտոնական տվյալներով` սարքավորումը նախատեսված է հեռուստատեսության և եղանակային պայմանների մասին տեղեկություններ հավաքելու համար: Արբանյակի արձակումը կարող է տեղի ունենալ ապրիլի 12-16-ն ընկած ժամանակահատվածում:
Արբանյակի դեմ են հանդես եկել ԱՄՆ-ը, Ճապոնիան և Եվրամիությունը: Մասնավորապես ԱՄՆ-ում այս իրադարձությունը դիտում են որպես հեռահար հրթիռի փորձարկում: Ի պատասխան` Հյուսիսային Կորեան հայտարարեց, որ նման քայլերը փորձ են` խոչընդոտելու երկրի կողմից տիեզերքի յուրացման իրավունքը:
Մարտի 29-ին ԱՄՆ-ը որոշում կայացրեց դադարեցնել մթերքների ներկրումը ԿԺԴՀ:










































